211652_close_icon
views-count1505 դիտում article-date 19:12 27-04-2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Բուլղարիայում

Ապրիլի 22-24-ին Բուլղարիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 22-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակը կազմակերպեց համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և Արցախի պաշտպանության հերոսներին: Համերգին ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը և նրա սաները: Ապրիլի 23-ին Սոֆիայի համակարգող խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ջահերով երթ Սոֆիայի հայկական տնից դեպի «Երևանյան այգի», որտեղ գտնվող խաչքարի մոտ կայացավ հիշատակի արարողություն: Ելույթներ ունեցան պատմաբան Վլադիմիր Միտովը և «Բուլղարիայի ազատագրական ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Դանչո Խաչիևը: Ապրիլի 24-ին Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին, ինչպես նաև Արցախի պաշտպանական մարտերում զոհված հայորդիներին նվիրված պատարագ: Նույն օրը միջոցառում կազմակերպվեց նաև Սոֆիայի հայկական գերեզմանատանը: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով: Ապրիլի 23-ին և 24-ին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Ռուսեում և Բուլղարիայի այլ քաղաքներում: Պլովդիվում կազմակերպվեց նաև բարեգործական համերգ և հանգանակություն՝ ի աջակցություն Արցախի:

Նմանատիպ նյութեր