211652_close_icon
views-count2124 դիտում article-date 20:30 23-04-2016

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է մարդու իրավունքների պաշտպան Նադյա Մուրադ Բասեե Տահայի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի շրջանակում հանդիպել է մարդու իրավունքների եզդի պաշտպան Նադիա Մուրադ Բասեե Տահայի հետ: Նշենք, որ ազգությամբ եզդի կինը հազարավոր կանանց հետ առեւանգվել է ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շինգալ քաղաքի գրավման ժամանակ: Նադիա Մուրադ Բասեե Տահան ՀՀ ԱԺ փոխնախագահին է ներկայացրել իր եւ իր ժողովրդի ողբերգական պատմությունը: Գերությունից ազատվելուց հետո նա ճամփորդել է աշխարհում՝ ներկայացնելով եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԴԱԻՇ-ի կողմից իրականացված վայրագությունները: Հերմինե Նաղդալյանը իր ցավակցությունն է հայտնել եզդի ժողովրդին բաժին հասած ողբերգության համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ինչպես հարյուր տարի առաջ աշխարհն ընդունում էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին, այնպես էլ այսօր Հայաստանն է ընդունում եզդիներին: Տիկին Նաղդալյանը փաստել է նաեւ, որ ոչ միայն ՀՀ Ազգային ժողովում, այլեւ միջազգային հարթակներում հայ խորհրդարանականները մշտապես բարձրաձայնում են եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքի հյուսիսում իրականացված բռնությունների մասին: Անդրադառնալով գլոբալ համաժողովին տարբեր ազգերի եւ պետությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բոլոր ազգերի միասնական պայքարը ցեղասպանությունների եւ ահաբեկչության դեմ: Հյուրի խնդրանքով խոսելով Հայաստանում եզդիական համայնքի մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ եզդիները մեր երկրում պաշտպանված են եւ ապահով, մասնակցում են երկրի ներքին կյանքին: Հանդիպման մասնակիցները միաձայն նշել են, որ ամբողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն: Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը համբերություն, կորով ու խաղաղություն է մաղթել եզդի ժողովրդին:

Նմանատիպ նյութեր