1143 դիտում
17:40 23-04-2016
Հայաստանի արտգործնախարարը պարգևատրվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով
Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին:
Պարոն Ռոդրիգեսը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպության խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային խաղաղության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արտգործնախարարի անձնական ներդրումը գնահատելով, որոշում է կայացրել Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ լիգայի պարգևին արժանանալու համար՝ վստահեցնելով, որ, իբրև ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ, Հայաստանի արտգործնախարարն իր առաջնահերթ պարտականություններից է համարում պայքարել մարդու իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի պաշտպանության, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Ֆրանսիսկո Ռոդրիգեսը նշեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում դիտարկվում է որպես ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ պայքարի առաջամարտիկ, և այդ գործում կարևորեց Էդվարդ Նալբանդյանի անձնական ներդրումը` որպես հարցը մշտապես միջազգային ուշադրության կենտրոնում պահող բարձրաստիճան պաշտոնյա:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահին՝ գլոբալ ֆորումին մասնակցելու և դրա աշխատանքներին իր նպաստը բերելու համար։
Տեղեկանք. Մարդու իրավունքների իսպանական լիգան մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության իսպանական լիգայի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1913թ.՝ նպատակ ունենալով տարածել և վերահաստատել մարդու անօտարելի անձնական իրավունքները: Այս կազմակերպության անդամներից են եղել ժամանակի հայտնի մտավորականներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, այդ թվում՝ Դալին, Օրտեգա ի Գասետը, Միրոն, Գարսիա Լորկան, Ամերիկո Կաստրոն:
Մարդու իրավունքների իսպանական լիգան իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն միջազգային ատյաններում: Այն նաև օժտված է հատուկ խորհրդատվական կարգավիճակով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալը շնորհվում է խաղաղության հաստատման, իրավահավասարության և մարդու իրավունքների բնագավառներում ունեցած ավանդի համար:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տարբեր ազգային լիգաների կողմից, պարգևատրվել են այնպիսի անձինք, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Մայր Թերեզան, Կարդինալ Վիսենտե Տառանկոնը, մի շարք նախկին նախագահներ, վարչապետեր, ՄԱԿ մարդու իրավունքների ոլորտի պաշտոնյաներ:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
16:59 23-07-2016
Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
1996 դիտում
18:45 28-07-2016
Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
Այս բաժնից
526 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ