Այն, ինչ առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմի երազանքը չէ. Շավարշ Քոչարյան
Այն, ինչ առաջարկում են համանախագահները, իհակե դա հայկական կողմի երազանքը չի, բայց հիմքում փոխզիջումային տարբերակներ են: Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում բաց հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և հավելեց. «Ես ձեզ ավելին կասեմ. տեսեք՝ այնտեղ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ որ արդեն առկա էր, եղել էր հանրաքվե և ԼՂ-ի ժողովուրդը լիովին համապատասխան և՛ միջազգային իրավունքի, և՛ այն ժամանակ գործող Խորհրդային միության Սահմանադրությանը և օրենքներին կազմակերպելու է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն էր իմաստը հետաձգված հանրաքվեի»,-ասաց Շավարշ Քոչարյանը, ով մեկնաբանելով համանախագահության դրդապատճառը՝ նշեց, որ դա ուղղված էր, որպեսզի այսպես ասած` Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան, որ մատուցեն, հրամցնեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը:
«Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը հենց այդ դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիության մասին, այլ գործում է հակառակ ուղղությամբ: Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին եւ ևս մեկ բան ավելացնեմ: Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է ընկալել իր իրականացրած ագրեսիայի խրախուսում և այդ հարցում մենք պետք է լինենք եւ լինելու ենք շատ հետևողական»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
«Այսինքն` Հայաստանը պնդելու է, որ հանրաքվեն անմիջապե՞ս լինի»,-այս հարցին էլ նա պատասխանեց`ասելով. «Այն, ինչ ասեցի, ես ասեցի մոտեցումները, կոնկրետ պնդումներ ես չեմ կարող ներկայացնել: Ես միայն կարող եմ ասել, որ այն ինչ ես ասում եմ ընդամենը կարող է լինել բանակցությունների առարկա»:
Շավարշ Քոչարյանը հայտնեց նաև, թե ՌԴ արտգործնախարարը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որ ընթացքում քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը: