211652_close_icon
views-count2982 դիտում article-date 22:18 20-04-2016

Նյութատեխնիկական համալրում` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել էր «Լյուբավա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Յարոսսլավ Ռուխին: Այցի նպատակն էր ստորագրել պայմանագիր` ՀՀ ԱԻ նախարարությանն օդ լցնող էլեկտրական սարքերի նվիրատվության մասին: Դրանք նախատեսված են փչվող վրանների գերարագ ծավալման համար և հիմնականում օգտագործվում են արագ արձագանքման խմբերի կողմից դեպքի վայրում փչվող վրաններ ծավալելու համար: Նշենք, որ վերջերս Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, արագ արձագանքման թիմերի ստեղծման ծրագրի շրջանակներում, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը հատկացրել է լեհական «Լյուբավա» ընկերության կողմից արտադրված 11 վրան` երկաթյա հիմնակմախքով, ինչպես նաև 8 միավոր արագ բացվող, երկաթյա հիմնակմախքով և 9 միավոր փչովի վրաններ: «Լյուբավա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Յարոսլավ Ռուխը նշեց, որ փչովի վրանները և դրանց համար նախատեսված օդամղիչ սարքերը շատ արդյունավետ են հատկապես այնպիսի արտակարգ դեպքերի ժամանակ, երբ անհրաժեշտ է չափազանց կարճ ժամանակում վրաններ ծավալել: - Երկաթյա կմախքով վրանների համեմատ` փչովի վրանները շատ ավելի արագ ու հեշտ են ծավալվում: Օդ լցնող էլեկտրական սարքերի միջոցով հնարավոր է փչովի վրանները բացել մոտ մեկ րոպեի ընթացքում, բացի այդ` դրանք զբաղեցնում են շատ փոքր տարածք և կարող են օգտակար լինել ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ: Միևնույն ժամանակ` հայկական այն թիմերը, որոնք օգնության են մեկնում Հայաստանի սահմաններից դուրս, կարող են օգտվել այս սարքերից և փչովի վրաններից,- եզրափակեց Յ. Ռուխը: «Լյուբավա» ընկերությունը հիմնադրվել է 1951 թ. Լեհաստանում և առաջարկում է ավելի քան 500 ապրանքատեսակ, մասնավորապես` բանակի, ոստիկանության, քաղաքային ոստիկանության, սահմանային պարեկության, հրշեջ խմբերի և հատուկ ուժերի տարբեր տեսակի ապրանքներ և ծառայողական համազգեստ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր