211652_close_icon
views-count1515 դիտում article-date 20:10 18-04-2016

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է ակտիվ կապ պահպանել Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցության սկզբում զեկուցվել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ակտիվ համագործակցությունը ԼՂՀ գործընկեր շրջանների և համայնքների հետ: 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից նախորդ շաբաթ ևս պարենային աջակցություն, անհրաժեշտ գույք, ինչպես նաև բեռնատար մեքենաներ են ուղարկվել ԼՂՀ: Սոցիալական ապահովության վարչության պետն էլ զեկուցել է, որ աշխատակազմի ներկայացուցիչներն ամենօրյա այցեր են կատարում Երևանի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող վիրավոր զինծառայողներին և ազատամարտիկներին: Համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Հանձնարարվել է շարունակել ակտիվ կապ պահպանել ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբի, ինչպես նաև Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների մասին, ինչպես նաև այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների ընթացքի մասին: Անդրադառնալով Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի արդիականացման ծրագրին` զեկուցվել է, որ ավարտվել են շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները, որոնց շրջանակում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները կքննարկվեն մասնագետների կողմից և վերջնական նախագիծը կներկայացվի հանրությանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր