211652_close_icon
views-count1643 դիտում article-date 21:20 15-04-2016

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ

Հարգելի´ պարոն Սեդրակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով: Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ և հայրենապաշտ գործունեությամբ և օգնել դիմակայելու տարբեր ժամանակներում մեր ազգին նետված մարտահրավերների աշխարհի տարբեր անկյուններում: Իր ողջ գոյության ընթացքում Բարեգործականը եղել և շարունակում է մնալ հայապահպանության հենասյուներից մեկը։ Դրա վառ վկայությունն են այն ծրագրերը, որոնք իրականացրել և իրականացնում է ՀԲԸՄ-ն Հայաստանում, սփյուռքում և Արցախում: Այս հոբելյանը դիմավորում ենք նոր և ծանր մարտահրավերների դիմակայելով. հայրենիքի շուրջ և սփյուռքում տեղի ունեցող իրադարձություները բոլորիս առջև նոր հիմնախնդիրներ են դրել։ Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք զգոն չլինելու, և որ մեր ժողովրդի անվտանգության դեմ ոտնձգություններին դիմագրավելու միակ ճշմարիտ ուղին մեր համախմբված և միասնական լինելն է: Այս գործելաոճով է միշտ առաջնորդվել ՀԲԸՄ-ն: Հարգարժա´ն պարոն Սեդրակյան, Վստահ եմ, որ այսուհետ ևս Ձեր ղեկավարած կառույցն անշեղորեն շարունակելու է իրականցնել ազգանվեր նոր ձեռնարկներ՝ ի նպաստ մեր համազգային խնդիրների լուծման: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին այս նշանակալի տարեդարձի առթիվ: Թող այս հոբելյանը Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր մասնաճյուղերի և ողջ հայ ժողովրդի համար լինի բարություն, ջերմություն և խաղաղություն սփռող յուրօրինակ ազդակ: Մաղթում եմ Ձեզ և կառույցի բոլոր անդամներին բեղուն աշխատանք, անսպառ եռանդ՝ ի նպաստ հայ ժողովրդի լուսավոր ապագայի և ի փառս հայրենիքի:

Նմանատիպ նյութեր