211652_close_icon
views-count2474 դիտում article-date 17:51 11-04-2016

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին

Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։ Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը: Հանդիպումից հետո ստորագրվեցին ՀՀ և ՄԱԿ միջև առաջիկա չորս տարիների՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև երկրում համագործակցության ծրագրի գործողությունների ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020):

Նմանատիպ նյութեր