211652_close_icon
views-count1375 դիտում article-date 13:58 07-04-2016

Մեկնարկում է չինական դպրոցի շինարարությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՉԺՀ առևտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով: Կարևորելով նախագիծը՝ Կրթության և գիտության նախարարը նշել է, որ Հայաստանը ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում կարևորում է կրթական երկխոսությունն ու միջմշակութային կապերի զարգացումը."Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք երկու հիանավուրց ժողովուրդների պատմության, լեզվի ու մշակույթի ճանաչման արդյունավետ մեխանիզմ",- նշել է Լ. Մկրտչյանը: Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կառուցվելու է Երևանի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ. Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցի տարածքում: Համաձայնագրում ամրագրվում է, որ նախագծային և շինարարական աշխատանքերն ամբողջությամբ իրականացվում են Չինաստանի կողմից: Հայկական կողմը, համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի, ապահովում է փորձաքննության և վերահսկողության իրականացումը: Չինական դպրոցի ծրագիրն ամբողջությամբ ֆինասավորվում է Չինաստանի հանրապետության կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմում է ավելի քան 101 մլն. յուան /շուրջ 15 մլն դոլար/: Ամրագրվում է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016թ. և կտևեն 2 տարի: Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային և ուսումնական մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և տարածաշրջանում լինելու է բացառիկ:

Նմանատիպ նյութեր