ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել
Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր:
Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը: