Իսպանիա. «Վիլյառեալը» հերոսաբար կանգնեցրեց «Բարսելոնայի» հաղթարշավը, «Ատլետիկոն» սենսացիոն պարտություն կրեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում տեղի ունեցավ այս առաջնության թերևս ամենադիտարժան ու հետաքրքիր հանդիպումներից մեկը: 4-րդ տեղում ընթացող «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային», որը Պրիմերայում 11 անընդմեջ հաղթանակ էր տարել:
1-ին խաղակեսը իսկական մղձավանջ էր դաշտի տերերի համար, որի մեղավորը մրցավար Խոսե Մարիա Մարտինեսն էր: Նախ, Մարտինեսը ձեռքով միտումնավոր խաղալու համար խաղադաշտից չհեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, որն արդեն դեղին քարտ էր ստացել:
Այնուհետև մրցավարը խաղից հեռացրեց «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալին: Իսկ 41-րդ րոպեին մրցավարը անհիմն 11մ. հարված նշանակեց «Վիլյառեալի» դարպասին, որն իրացրեց Նեյմարը:
Եվ թեպետ 1-ին խաղակեսից հետո «Վիլյառեալը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում դաշտի տերերը կամային բարձր հատկանիշներ և գերազանց խաղ ցուցադրելով, կարողացան բեկում մտցնել խաղի մեջ և հավասարեցնել հաշիվը:
Ավելին, «Վիլյառեալը» կարող էր նաև հաղթանակ կորզել, սակայն մի քանի նպաստավոր պահեր չիրացրեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Չնայած այս սայթաքմանը, «Բարսելոնան» էլ ավելի պոկվեց 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկոյց», որը սենսացիոն պարտություն կրեց Խիխոնի «Սպորտինգից»: «Բարսելոնան» ունի 76 միավոր, «Ատլետիկոն»՝ 67:
[b]Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
[/b]«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 2:2
Սեդրիկ Բակամբու, 57, Ժերեմի Մաթյո, 63, ինքնագոլ - Իվան Ռակիտիչ, 20, Նեյմար, 41, 11մ