Թուրքիայի ու Եվրամիության միջև գործարքը մեծ դժգոհություն է առաջացրել ԵՄ մի շարք երկրների մոտ
Թուրքիայի և Եվրամիության միջև միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ համաձայնագիրը, որի վրա աշխատում են ներկա պահին Բրյուսելում, ԵՄ-ի մի շարք անդամ պետությունների դժգոհությունն է առաջ քաշել, գրում է Politico թերթը:
Թերթը հիշեցնում է, որ գործարքի պայմաններով՝ Անկարան վերադարձնելու է փախստականներին, որոնք անօրինական ճանապարհով հասել են Հունաստանի ափեր, ինչի դիմաց էլ վիզային սահմանափակումները կվերացվեն, կարագացվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և խոստացված 3 մլրդ եվրոյի հատկացումը:
Սակայն ավստրիական իշխանությունները մտավախություն ունեն, որ Թուրքիայի համար վիզային սահմանափակումների վերացումը էապես կմեծացնի թուրք միգրանտների հոսքը դեպի Եվրոպա: Իսպանիան և Ֆրանսիան գտնում են, որ հարցը քննարկման ենթակա չէ այնքան ժամանակ, մինչև Թուրքիայի իշխանությունները չսկսեն վերացնել մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները իրենց երկրում: Իսկ Բուլղարիային էլ վախեցնում է այն, որ Էգեյան ծովով դեպի Եվրամիություն միգրանտների ճանապարհը փակելը նրանց Սև ծովով ուղևորվելու հնարավորություն կտա, իսկ դա նշանակում է՝ ճանապարհ ուղիղ դեպի Բուլղարիա: