Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - «Յուվենտուս» պատասխան հանդիպումը:
Ոչ ոք չէր սպասում, որ 1-ին խաղակեսում «Յուվենտուսը» այդքան վստահ կխաղա ու 2 անգամ նոկդաունի կենթարկի «Բավարիային»: Առաջին գոլը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից հետո եղավ, իսկ 2-րդ գոլի ամբողջ վաստակը պատկանում է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային, որի գերազանց գործողությունների արդունքում Կուադրադոն կրկնապատկեց հաշիվը:
2-րդ խաղակեսում «Յուվենտուսը» բավական վստահ պաշտպանվում էր, «Բավարիան»` գնդակ գլորում: Գրեթե կարելի էր չկասկածել «Յուվենտուսի» վերջնական հաղթանակին, սակայն այստեղ վճռորոշ դեր ունեցան մարզչական որոշումները: Եթե Գվարդիոլայի կատարած փոփոխությունները միայն ուժեղացրին «Բավարիայի» խաղը, ապա Ալեգրիի փոփոխությունները ճիշտ հակառակ արդյունք տվեցին. Մորատային ու Կուադրադոյին փոխարինած Մանջուկիչն ու Ստրուրարոն պարզապես տապալեցին խաղը:
Արդյունքում «Բավարիան» Լևանդովսկիի շնորհիվ կարողացավ 73-րդ րոպեին կրճատել հաշիվը, իսկ խաղի ավելացված ժամանակում Մյուլերը հավասարեցրեց հաշիվը և հանդիպումը անցավ լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում «Յուվենտուսն» արդեն ուժասպառ էր եղել: Իսկ «Բավարիան» ընդհակառակը, ավելի մեծացրեց ճնշումը, փոխարինման դուրս եկած Ալկանտարան ու Կոմանը դարձան գեղեցիկ գոլերի հեղինակներ և հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով. 4:2: Եվ քանի որ այս թիմերի առաջին հանդիպումն Իտալիայում ավարտվել էր 2:2 հաշվով, «Բավարիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դրամատիկ թրիլեր, որը դեռ երկար կմնա մարզասերների հիշողության մեջ:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
[/b]
«Բավարիա» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 4:2, (լրացուցիչ ժամանակ՝ 2:0, ` առաջին հանդիպման հաշիվը` 2:2)
Ռոբերտ Լևանդովսկի, 73, Թոմաս Մյուլեր, 90+1, Տիագո Ալկանտարա, 108, Քինգսլի Քոման, 110 - Պոլ Պոգբա, 5, Խուան Կուադրադո, 28