211652_close_icon
views-count3827 դիտում article-date 09:24 17-03-2016

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոշոր գործարար է և մեծ հարստություն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ: Ի դեպ, առաջին երկու բաժնեմասերի արժեքները վկայում են, որ տվյալ դեպքում խոսքը նորանշանակ նախարարի խոշոր ընկերությունների սեփականատեր լինելու մասին է: Լևոն Մկրտչյանը հայտարարագրել է նաև երկու փոխառություն եվրոյով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 66 հազար 831 եվրո և 317 հազար 762 ՌԴ ռուբլի արժողությամբ փոխառություն: Դրանից բացի՝ Մկրտչյանը հայտարարագրել է նաև 20 հազար դոլար, 25 հազար եվրո և 10 մլն դրամ դրամական միջոց: Նորանշանակ նախարարը ունի նաև երկու բնակարան, մեկ հողամաս և մեկ ավտոտնակ, «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Լևոն Մկրտչյանի եկամուտները կազմել են 4 մլն 149 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 149 հազար դրամը, իսկ մնացած գումարը նա ստացել է որպես շահաբաժին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լևոն Մկրտչյանի հայտարարագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն բոլոր ընկալումները, ըստ որոնց՝ նա փող «աշխատող» նախարար է, իրական են և հիմնավորված: Թերևս Դաշնակցությունը հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նրա՝ որպես նախարարի թեկնածությունն առաջադրել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր