«Կրթության բարելավում» վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները
                        Ծաղկաձորում ամփոփվել է "Կրթության բարելավում" վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների  ու  ծրագրերի  վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները: ՀՀ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հետազոտական աշխատանքն իրականացնելու համար ընտրվել  է  "Ի-Վի Քոնսալթինգ" ընկերությունը՝ "Այբ" կրթական հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտություն իրականացնող մասնագիտական  խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական  չափորոշիչների և ծրագրերի ուսումնասիրություն,  փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաև ներկայացվել են վերանայման առաջարկություններ: 
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա  կրթակարգերի հիմնական մոդելները:  Մասնագիտական  խումբն արձանագրել է նաև, որ գործող  կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին:  Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում: 
Փորձագետները  դիտարկել են նաև 19  առարկայական չափորոշիչներ և ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում  ընդհանուր, հումանիտար և բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ  միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից  արդյունավետ չէ:
Վերլուծության է  ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը  կրթակարգով փոխարինելու,   նոր կրթակարգ  մշակելու վերաբերյալ:
Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում  կրթության փորձագետների կողմից  հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:
Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական և ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

