211652_close_icon
views-count4683 դիտում article-date 17:42 01-03-2016

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց մի խումբ գիտնականների և Գիտության ազգային ինստիտուտների տնօրենների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 1-ին, ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում: Հայկական բանակում արտակարգ պատահարների թիվը հասել է նվազագույնի: ՀՀ ԳԱԱ-ում գիտնականների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Գիտեք, որ մենք հետևողական պայքար ենք սկսել բանակում արատավոր բարքերի դեմ: Եվ այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում մենք հասել ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարների թիվը հասել է նվազագույնի, արտակարգ պատահարներ լինում են անվտանգության կանոնների խախտումների հետևանքով, ինչը մենք նվազագույնի ենք հասցրել: Պատահարներ լինում են նաև միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով: Սակայն, քանի որ մենք ազգային բանակ ենք, ցանկանում ենք, որ մեր բանակում միջանձնային հարաբերությունները լինեն բարձր մակարդակի վրա»,- հավելեց նախարարը: Սեյրան Օհանյանը նշեց, որ տղամարդկային կոլեկտիվում կոնֆլիկտներն անխուսափելի են: «Իսկ այդ կոնֆլիկտների հիմքում ընկած է անհանդուրժողականության մթնոլորտը, որի պատճառը արատավոր բարքերն են՝ մականուններ, հայհոյանքներ, գողական խոսակցություններ: Մենք դրա դեմ պետք է պայքար տանենք: Ես հրավիրել եմ, որ այդ պայքարի մեջ ընդգրկվեն դպրոցները, իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, սակայն սա չի նշանակում, որ բանակը միայն պահանջատեր է: Մենք սրանով նաև բարձրացնում ենք հրամանատարական կազմի պատասխանատվությունը, որպեսզի հասարակությունը հետո չասի՝ մենք մեր բաժին գործն արել ենք, իսկ դո՞ւք ինչ եք արել»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր