211652_close_icon
views-count765 դիտում article-date 19:37 08-02-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը, որն իր դրական ազդեցությունը կունենա նաև խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության ամրապնդման վրա։ Նշելով, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, և իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անդամակցությունը ԵՄ-ին, Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։ Մայա Գոյկովիչը կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնել, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում ևս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։ Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը նշել է, որ իր երկրի փորձից ելնելով, Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով և բացառապես երկխոսության միջոցով։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության և համագործակցության մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր