211652_close_icon
views-count2071 դիտում article-date 09:38 04-02-2016

Էդվարդ Նալբանդյանի համեմատությունը կոռեկտ չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետև նրանք նման են խրամատում նստած զինվորներին։ Ամենևին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ։ Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ։ Խրամատում զինվորը կրում է բազմաթիվ կենցաղային զրկանքներ, դիվանագետը չի կրում։ Ավելին՝ ի տարբերության մեզ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, դիվանագետը հարկադրված չէ ամբողջ օրը վազվզել՝ իր ընտանիքի ապրուստն ապահովելու համար։ Դիվանագետը գործուղվում է այլ՝ որպես կանոն, Հայաստանից ավելի բարեկեցիկ երկիր, որտեղ ոչ մի նյութական նեղութուն չի կրում։ Դիվանագետի ծառայությունն, իհարկե, կարևոր է, բայց մի՞թե ուսուցչի, բժշկի, ոստիկանի, դատավորի կամ, ասենք, հրշեջի ծառայությունը պակաս կարևոր են։ Կարելի՞ է արդյոք դրա հիման վրա պնդել, որ այդ մասնագիտությունների մարդկանց չի կարելի քննադատել։ Ըստ երևույթին՝ ոչ։ Եթե, ենթադրենք, իմ տանն աշխատող պատշարը գործ է արել և շարած պատն ինձ՝ որպես պատվիրատուի, դուր չի եկել, ես կարող եմ, չէ՞, այդ արհեստից ոչ մի բան չհասկանալով՝ իմ դժգոհությունն արտահայտել։ Նա, հավանաբար, չի ասի՝ «էս վերջերս պատ շարելուց հասկացողները շատացել են, ինչո՞ւ է նա ավել-պակաս խոսում»։ Ցանկացած պետական ծառայողի (այդ թվում՝ դիվանագետի) «պատվիրատուներն» այդ երկրի քաղաքացիներն են, և նրանք իրավունք ունեն իրենց ծառայողների աշխատանքի մասին կարծիք հայտնել»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր