211652_close_icon
views-count1171 դիտում article-date 21:13 26-01-2016

Բաղդադում մեկնարկեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

Հունվարի 26-ին Բաղդադում մեկնարկեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։ Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծեցին վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկեցին համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։ Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշեց, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։ Ընդգծվեց երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվեց հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշեց, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար։ Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հունվարի 27-ին:

Նմանատիպ նյութեր