Իսրայելի նախկին նախագահը կրկին հոսպիտալացվել է
Սրտի հետ կապված խնդիրներով վերջին 10 օրվա ընթացքում 2-րդ անգամ հիվանդանոց է տեղափոխվել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, հաղորդում է Tass-ը:
Haaretz թերթի փոխանցմամբ՝ 92-ամյա Պերեսը կրկին բուժզննում կանցնի: Հունվարի 14-ին Իսրայելի նախկին նախագահին սրտի ստենտավորում էին կատարել և մի քանի օր անց նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Շ. Պերեսը ղեկավարել է երկիրը 2007-2014 թթ-ներին: Երկու անգամ եղել է կառավարության ղեկավարը, Իսրայելի արտգործնախարար, ֆինանսների նախարարը: Ղեկավարել է այլ գերատեսչություններ ևս:
1994 թ-ին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերի համար: