50048 դիտում
11:47 19-01-2016
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Արաքս գյուղում. գյուղացիները սպառնում են մեր ու մանուկ, ահել-ջահել անցնել հայ-թուրքական սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակչության գրեթե 80 տոկոսը հայտնվել է անելանելի վիճակում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի 90 տոկոս ջերմոցներն ավերվել են՝ վնասելով ջերմոցներում եղած բանջարաբոստանային կուլտուրաները: Վարկով փող ենք վերցրել ու քրտինքով ջերմոցները ցելոֆանապատել ենք, բայց ձյունը իր սև գործն արել է: Դիմել ենք գյուղապետ Ավագ Միքայելյանին՝ խնդրելով, որպեսզի գյուղապետն էլ դիմի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մեր ուզածն իրենցից ոչ ողորմություն է, ոչ էլ եսիմ ինչեր ենք ուզում. խնդրում ենք, որպեսզի մարզպետը դիմի կառավարություն, որպեսզի կառավարությունը բարի կամք դրսևորի և 1-1,5 տարով սառեցնեն մեր վարկերը, որպեսզի կարողանանք տան էղած-չեղածը, վերջին ապրանքը վաճառենք ու էդ գումարով ջերմոցները նորից վերականգնենք: Մենք իրանցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ ցելոֆան (պոլիէթիլենային ծածկ): Միակ խնդրանքն է վարկերի սառեցում՝ ժամանակավորապես»:
Ջերմոցները նշված գյուղի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, մարդիկ դրանով են պահում իրենց գոյությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռ ԽՍՀՄ տարիներից գյուղն ունի գազաֆիկացման խնդիր: Գյուղացիներն ասում էին նաև, որ ամեն համապետական ընտրությունների ժամանակ խոստանում են, որ գյուղում գազի հարցը կլուծվի, սակայն ընտրություններից հետո մոռանում են իրենց խոստումների մասին:
«Ո՞վ է տեսել, որ 450 տնտեսություն ունեցող գյուղում երեխաներին տանեն հարևան գյուղերի մանկապարտեզներ: Խոստացան, որ մանկապարտեզի հարցն էլ կլուծեն, կվերանորոգեն, սակայն այդ հարցում էլ խաբեցին: Դրա համար մեր հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն են ու իրանց հավատալով է, որ չենք փորձում ընտանիքներով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել հայ-թուրքական սահմանն անցնենք՝ ապաստան խնդրելով անգամ մեր դարավոր թշնամուց»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+