211652_close_icon
views-count16201 դիտում article-date 17:23 29-12-2015

Հենրիխ Մխիթարյանի անակնկալը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին. ֆոտոշարք, տեսանյութ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ այցելություն կատարեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն առաջացրեց երեխաների շրջանում, որոնք բոլորն էլ ճանաչում և սիրում են Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, երկրպագում նրան և ուրախանում նրա հաջողություններով: Մխիթարյանը սեղանի թենիս խաղաց երեխաների հետ, լուսանկարվեց գրեթե բոլորի հետ՝ շատերի հետ առանձին-առանձին և իհարկե՝ խմբով: Երեխաները սկսեցին վանկարկել Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչ Հենրիխը կցանկանար շնորհավորել Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանեցին Հայր Մերը, որին միացավ և Հենրիխը, հայտնում է ՀՖՖՖ պաշտոնական կայքը: «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ և ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասաց Մխիթարյանը: Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնեց նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացան անպայման ֆուտբոլ նայել և խաղալ, իսկ ամենակարևորը՝ շատ կարդալ այդ համակարգիչների օգնությամբ: Վերջում երեխաները ներկայացրեցին իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունը հայտնեցին Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը այցի առթիվ իր ֆեյբսբուքյան էջում գրել է. «Այսօր այցելեցի Երևանի "Զատիկ" երեխաների աջակցության կենտրոն և նախաամանօրյա լավ ժամանակ անցկացրեցի իրենց հետ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր