211652_close_icon
views-count1053 դիտում article-date 20:05 28-12-2015

Տեղի է ունեցել Արցախի կառավարության տարեվերջյան նիստը

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիր մարմինը որոշում է ընդունել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Որոշման համաձայն՝ կապահովվի ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին կտրվեն հանձնարարականներ` այդ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ` ծախսերը պլանավորելու և ժամանակացույցով առաջնորդվելու համար: Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չմտցնել, կամ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք տեղյակ պահել համապատասխան մարմնին: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծում: Դրա համաձայն՝ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ կիրականացվեն լիազոր ճանաչված հարկային մարմնի կողմից, և առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման կարգի ներկայացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի 1-ը: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկել ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքներում, որոնք նիստում ներկայացվեցին մեկ ընդհանուր փաթեթով: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ` օրենքի անցումային դրույթներում առաջարկվում է կատարել լրացում, որի համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և պաշտոնավարումը շարունակող անձանց կենսաթոշակները կնշանակվեն մինչև այդ պահը գործող սկզբունքներին համապատասխան։ Մասնավորապես, կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի) և 0.85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը, սակայն, չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։ Այդ համատեքստում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը նույնպես սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսը)՝ միաժամանակ, պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակին վերաբերող դրույթներն ամրագրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում։ Նախագծերով առաջարկվել է հստակեցնել նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների նշանակման ժամկետները, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի լրացում։

Նմանատիպ նյութեր