211652_close_icon

Դաժան սպանություն երեխաների աչքի առաջ և ընդամենը 3,5 տարվա ազատազրկում. Aravot.am

views-count7949 դիտում article-date 19:23 27-12-2015
Դանակի 21 հարվածներով կնոջը դաժանաբար սպանած տղամարդը դատարանի որոշմամբ կկրի մեղմացված՝ երեք ու կես տարվա պատիժ, ինչն ըստ ոլորտի մասնագետների, հերթական անգամ ապացուցում է այն տհաճ իրողությունը, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման դեմ ոչ միայն քայլեր չեն արվում, այլև շարունակվում է անպատժելիությունը: Դեկտեմբերի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում դանակի 21 հարվածներով սպանել էր կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին: Մուրադյանը նախ ծաղկամանով հարված էր հասցրել կնոջ գլխին, այնուհետև ոտքով հարվածել էր ծնոտին և մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց և 21 դանակի հարվածով սպանել: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: Այս ամենը տեղի էր ունեցել Դիանայի 17 և 14 ամյա դուստրերի աչքի առաջ: Մուրադյանը դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդել էր իրեն մեղմ դատել՝ 6-12 տարի, իսկ մեղադրողը էլ ավելի է մեղմացրել պատիժը՝ մեղադրանք առաջադրելով քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը: Այս հոդվածը սահմանում է առավելագույնը 4 տարի ազատազրկում: Մինչդեռ ըստ նախնական մեղադրանքի՝ այս սպանությունը որակվել էր «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Մեղադրանքը մեղմվել էր Հայաստանում հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ 87-ամյա Էլդա Գրինի երկու կրկնվող եզրակացությունների հիման վրա, ըստ որի՝ սպանությունը կատարած Վոլոդյա Մուրադյանը եղել է հոգեպես խիստ հուզված, այսինքն՝ աֆեկտի տակ: Մինչդեռ մեկ այլ մասնագետ առաջին փորձաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանն աֆեկտի տակ չի եղել, ամբաստանյալի մոտ նկատվել է «հոգեկան բարձր հուզական վիճակ», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել՝ այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։ Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/12/27/643519/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր