Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Աբրահամյանի թեկնածությունը:
Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ առաջիկա հինգ տարիներին միասին կշարունակեն իրականացնել ՀՊՏՀ-ի արդյունավետ գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը: