211652_close_icon
views-count1305 դիտում article-date 22:05 17-12-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Հռոմում

Դեկտեմբերի 16-ին Հռոմում կայացավ «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“Il Genocidio Armeno: 100 Anni di Silenzio”) գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Գիրքը հրատարակվել է 2015թ.՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում: Հեղինակներն են Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և Ջիան Միկալեսսինը: Միջոցառման մոդերատորն էր լրագրող և հրապարակախոս Նաման Տարկան: Գիրքը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի նախագահ Ռայմոնդ Սկիավոնեն, գրքի հեղինակներից Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և լուսանկարիչ Ռոմոլո Էուկալիտոն: Նրանք խոսեցին Հայաստան իրենց այցելության և ցեղասպանության ականատես վերջին վերապրածների հետ իրենց հանդիպումների մասին, անդրադարձան թուրքական ժխտողականությանը: Նրանք նաև կարևորեցին Իտալիայի հանրային կրթական հաստատություններում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի ուսուցումը՝ դա համարելով անհրաժեշտ բաղադրիչ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր