211652_close_icon
views-count575 դիտում article-date 17:50 15-12-2015

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը աշխատանքային այց է կատարել Լ’Աքվիլա

Դեկտեմբերի 12-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեի հետ: Հանդիպմանը ներկա էին Լ’Աքվիլայի քաղաքային խորհրդի նախագահ Կարլո Բենդետին, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը և քաղաքապետարանի մշակույթի հարցերով խորհրդական Էլիզաբետա Լեոնեն: Հանդիպմանը կողմերը քննարկեցին Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, Իտալիայում հայ համայնքի ներկայությանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները պայմանավորվեցին, առաջնորդվելով այս տարի երկու երկրների միջև ստորագրված «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» փոխըմբռնման հուշագրի դրույթներով, համագործակցություն հաստատել 2009թ. երկրաշարժից տուժած Լ’Աքվիլայի և ՀՀ աղետի գոտու որևէ քաղաքի միջև: Դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լ’Աքվիլայի քաղաքային իշխանություններին նոյեմբերի 26-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայ ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար, ինչպես նաև դեսպանության հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա միջոցառումներ կազմակերպելու համար: Այնուհետև կայացավ դեսպան Ղազարյանի և Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանի հանդիպումը Լ’Աքվիլայի հայ համայնքի հետ: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Իտալիայում հայ համայնքի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդին առնչվող հարցեր: Սարգիս Ղազարյանը նաև մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը» խորագրով գիտաժողովին: Իտալիայում Հայաստանի դեսպանության և Լ’Աքվիլայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ գիտաժողովը և Հայոց ցեղասպանության հիշատակի երկօրյա միջոցառումները կազմակերպել էին Իտալիայի հայերի միությունը, Աբրուցցոյի լրագրողների միությունը և Լ’Աքվիլայի ֆիլմերի փառատոնը: Ներածական խոսքով հանդես եկավ Աբրուցցոյի լրագրողների միության նախագահ Ստեֆանո Պալոտան: Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին դեսպան Սարգիս Ղազարյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը, RAI հեռուստալրագրող Պինո Սկաչիան և լրագրող Աննա Մացցոնեն: Գիտաժողովից հետո “Auditorium del Parco” դահլիճում ցուցադրվեց “Popeye” ասոցիացիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին պատմող, “Common Ground” վավերագրական ֆիլմը: Դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Նմանատիպ նյութեր