211652_close_icon
views-count2480 դիտում article-date 19:00 08-12-2015

Հե՜յ, Նիկոլո, Նիկոլո

Հրաշք է, երբ ամռան կեսին ձյուն է տեղում: Սա հրաշքի ամենապարզ օրինակներից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրթվածությունից, տեղեկացվածությունից, մասնագիտությունից: Իր գործին հարգանքով և նվիրումով մոտեցողը ձգտում է հրաշք գործել, այսինքն՝ այնպիսի գործ անել, որ մարդիկ տեսնեն գործն ու ասեն. «Ա՜յ քեզ հրաշք»: Հրաշք գործողին կոչում են վարպետ: Հրաշքը ստեղծագործականության բանալին է: Եթե վարպետին ասեք, որ հրաշք չկա՝ նա կվիրավորվի, կբարկանա (Օրինակ. վարպետ Մկրտիչը «Հեղնար աղբյուր» գրվածքում): Վարպետը հրաշագործին հավասար էր, որովհետև հրաշք էր գործում: Վարպետը իրազեկ էր ժամանակի տեխնոլոգիական, մշակութային, գիտական նվաճումներին և ձեռքբերումներին: Այդ առումով վարպետը ժամանակի ամենախելացի, բազմակողմանի զարգացած մարդն էր: Աշխարհին, մարդուն վերաբերող հարց (աշխարհիկ հարց) ունեցողը խորհուրդ էր հարցնում վարպետից, որը շատ մեծ հարգանք էր վայելում, հասարակական հեղինակություն էր: Նրա խոսքը կշիռ ուներ: Նիկոլո Մաքիավելին առաջինն է խոսել քաղաքականության մեջ վարպետության մասին, նկատի ունենալով, որ քաղաքականության մեջ ևս հնարավոր է հրաշք գործել, եթե գործին վերաբերվեն վարպետորեն, վարպետի պատասխանատվությամբ ու գիտակցմամբ: Այսինքն՝ քաղաքականության մեջ ևս կարելի է հասնել այնպիսի արդյունքի, որ այն համարեն հրաշք: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը հրաշք էր: Գերմանիայի՝ 2-րդ աշխարհամարտում պարտվելուց հետո հառնումը մոխիրներից հրաշք էր: Ապագաղութացումը, մասնավորապես՝ Խորհրդային կայսրության կործանումը հրաշք էր: Սովետահպատակ հայը անցյալ դարի 60-ականներին Հայաստանի անկախացումը համարում էր հրաշք: Մի խումբ մարդիկ հավատում էին այդ հրաշքին, պայքարում հրաշքն իրագործելու՝ Հայաստանի անկախության համար: 90-ականներին համոզված էին, որ իշխանության կուսակցությանը՝ ՀՀՇ-ին հնարավոր չէ հաղթել, որովհետև ամեն ինչ նրա ձեռքում է: Եվ ընտրություններում ՀՀՇ-ի թեկնածուին հաղթելը համարում էին հրաշք: Այդ ժամանակ դեռ կային հրաշքին հավատացողներ: Եվ բազմաթիվ հրաշքներ տեղի են ունեցել: Օրինակ. 1993-ին շրջխորհրդի պատգամավորի թափուր տեղի ընտրություններում Տիգրան Մոսինյանը հաղթեց ՀՀՇ-ի պաշտպանյալին: Ներկայում վարպետներ չկան՝ հալածվել, մեռել, հեռացել, կորել են: Վարպետ բառն իմաստափոխվել է: Վարպետն այլևս հասարակական հեղինակություն չի: Իսկ մարդիկ հրաշքին չեն հավատում: Այդ հարցում մեծ է մատերիալիստի, ինչպես նաև՝ նրա ազդեցության գործակալի, մի խոսքով՝ անհավատ տգետների դերը: Այսօր հնարավոր չէ զարմացնել, ոչ ոք հրաշքին չի հավատում, ոչ մի բանի, նույնիսկ՝ խայտառակության վրա չի զարմանում: Իսկ «Ամեն ինչ սուտ է», «Ինչ լինելու է՝ կլինի», «Նոր բան հնարավոր չի ստեղծել, նոր գործ հնարավոր չի սկսել» կարգախոսները մարդուն դարձնում են ծույլ, վախկոտ, պարտվողական, հանցագործ, կեղծարար, դժոխքի բաժին: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր