Հայաստանի շախմատի հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունը:
Մրցաշարի վերջին՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/22/71037/]9-րդ տուրում[/url] Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն և վաստակեց 13 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաև Հունգարիայի ու Ֆրանսիայի հավաքականները, սակայն Հայաստանի հավաքականը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, ինչը փայլուն արդյունք է:
Վերջին տուրում մեր հավաքականի կազմում հաղթանակ տարան սպիտակներով խաղացող Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Իսլանդիայում ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում, ինչպես և կանխատեսվում էր, արագորեն՝ բոլոր խաղատախտակներում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ:
Կանանց Հայաստանի հավաքականը նույնպես հաղթական նոտայով ավարտեց մրցաշարը՝ վերջին տուրում ջախջախելով Չեխիային՝ 3,5:0,5: Արդյունքում մեր աղջիկները վաստակեցին 10 միավոր և զբաղեցրին 11-րդ տեղը:
Կանանց Եվրոպայի առաջնությունում նույնպես իրենց հավասարը չունեցավ Ռուսաստանի հավաականը, որը 17 միավորով վստահորեն գրավեց 1-ին տեղը: 2-րդը Ուկրաինան էր, 3-րդը՝ Վրաստանը: