Իսպանացին Facebook-ով հերքել է փարիզյան ահաբեկչության ժամանակ իր մահվան մասին լուրերը
Իսպանացիներից մեկը հերքել է ահաբեկչության ժամանակ իր մահվան մասին Փարիզի ոստիկանության կողմից տարածած տեղեկությունը: Մեկ այլ իսպանացու մահվան մասին տեղեկությունը կասկածներ է առաջացրել նրա հարազատների մոտ, գրում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ Europa Press գործակալությունը ԱԳՆ-ում իր աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացրել էր, որ ահաբեկչության ժամանակ մահացած իսպանացիների քանակը հասել է 4-ի: Նրանց շարքում շրջանառվել է Ալբերտո Պարդո Տոուսեդի անունը:
«Չգիտեմ...ես ինքս հիմա ինձ տեսնում եմ ու ենթադրում եմ՝ կենդանի եմ: Բայց եթե դուք շարունակեք իմ մասին նման լավ բաներ գրել, ապա կարծում եմ՝ արժեր մահանալ՝ Ձեզ չհիասթափեցնելու համար», -գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Տոուսեդը, որն ապրում է Ստրասբուրգում, այդ ժամանակ նույնիսկ Փարիզում չի եղել: Նա կորցրել է իր փաստաթղթերը, որոնք հայտնաբերել են ահաբեկչությունից հետո, ինչն էլ նման թյուրիմացության առիթ է դարձել: