211652_close_icon
views-count1436 դիտում article-date 20:02 15-11-2015

Ահաբեկչությունը դատապարտելի է. Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել Փարիզի ահաբեկչության զոհերի և Արցախում սպանված զինառայողների հոգու խաղաղության համար

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ հոգեհանգստյան կարգից առաջ խոսք է ասել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Անդրադառնալով ողբերգական եղելություններին՝ Եզնիկ Սրբազանը մասնավորաբար նշել է. «Ահաբեկչությունը դատապարտելի է և որևէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որևիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ: Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես Քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջև, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե՛ բոլորիս Աստված մեկ է, թե՛ տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե դա այդպես է, ապա ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետև նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարևոր չէ ա՛յս, թե ա՛յն կրոնի ներկայացուցիչներին: Հայ ժողովուրդը և Հայ Եկեղեցու հավատացյալները խոր ապրումով են զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Հայ ժողովուրդն այդ ցավը զգում է մասնավորապես երկու տարբեր պատճառներով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարիներ է, ինչ Եղեռնից մազապուրծ եղած հայորդիների փրկության և վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Եղեռնից մազապուրծ եղած մեր ժողովրդի ամենամեծ խմբերը հանգրվանեցին և օթևան գտան Ֆրանսիայում…: Երկրորդը` ամենօրյա ողբերգությունն է, որ մեր ժողովուրդը հաճախակի ապրում է: Երբ իբրև թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մեր ժողովուրդն այսօր աղոթում է, ազգիս Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, որպեսզի Աստված բացի Իր ձեռքերը, Իր մոտ ընդունի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին երեկ: Մենք աղոթելու ենք նաև վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաև աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների և Սինա թերակզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար»: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նմանատիպ նյութեր