ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի պատգամավոր Ռոշբլուանին
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավն ու այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում աննախադեպ ահաբեկչության բոլոր զոհերի հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:
Ընդունեք նաեւ մեր հավաստիացումը, որ Արցախն ահաբեկչության դեմ պայքարում եւ համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է»,- ասված է ցավակցական հեռագրում։