Տեղի կունենա «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը
Նոյեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մեծ դահլիճում (Աբովյան 50/5) տեղի կունենա «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ տեղի կունենա ծրագրի շրջանակում նկարահանված 2 րոպե տևողությամբ էկոզբոսաշրջային երթուղիների մասին գովազդային տեսահոլովակների
ու ֆիլմերի առաջնադիտումը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն ծրագրի կազմակերպիչները, մասնակիցները և փորձագետները:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրը անցկացվեց 2015թ օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերը անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար:
Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն ստացան ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին, որոնց ավարտին ստեղծվեցին աշխատանքային խմբեր: Վերջիններս բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրեցին տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ:
Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն ունեցան նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և
կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները:
Նկարահանման աշխատանքների ավարտից հետո մասնակիցների ներգրավմամբ հավաքագրված տեղեկությունները մշակվեցին և տեսանկարահանված նյութերը մոնտաժվեցին:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացնում է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: