211652_close_icon
views-count3360 դիտում article-date 19:21 11-11-2015

Հարց են տալիս՝ պատասխանեք

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու իր հարցի պատասխանը: Եթե մարդը հասունացել է այնքան, որ կարողանում է հարց ձևակերպել, ապա հարցի հասցեատերը բարոյական իրավունք չունի չպատասխանելու: Սա սոսկ կրթական խնդիր չէ, այլ քաղաքակրթական: Ամբողջատիրական հասարակությունում պաշտոնյան կարող է չպատասխանել իրեն ուղղված հարցին, արհամարհել հարց տվողին: Սակայն ժողովրդավարական-քաղաքացիական հասարակությունում պաշտոնյան պարտավոր է պատասխանել իրեն ուղղված հարցին: Այդ նորմն ամրագրված է օրենքով, և պատիժ է կիրառվում այն պաշտոնյայի նկատմամբ, որը զլանում է ժամանակին և պատշաճ պատասխանել իրեն ուղղված հարցին: Ժողովրդավարական-քաղաքացիական հասարակությունում հավասարությունն արժեք է, և հարց տալու իրավունք ունեն բոլորը, իսկ տոտալիտար հասարակություններում հարց տալու և իրազեկվելու իրավունքը սահմանափակված է: Այս հարցում մեծ է դպրոցի դերը: Եթե դպրոցը հետամնաց է, առաջնորդվում է հակամարդկային-հակաժողովրդավարական սկզբունքներով, ապա ուսուցիչն արհամարհում է աշակերտին, չի պատասխանում նրան, չի ջանում բարձրացնել աշակերտի առաջադիմությունը, աշակերտին վերաբերվում է ինչպես խոզի՝ նրան գիտելիք չի փոխանցում, նվաստացնում նրան, որ չհամարձակվի հարցեր տալ: Իսկ կոտրված աշակերտը մեծանալով նույնպես չի պատասխանում իրեն ուղղված հարցին: Ակնհայտ է, որ հարց տվողն ուզում է իմանալ, հասկանալ: Եվ բնական է, որ հարցը պիտի ուղղի նրան, որը հաստատ կամ հավանաբար գիտի հարցի պատասխանը, իրավասու է կամ ի պաշտոնե պարտավոր է պատասխանել հարցին: Եվ ցավալի է, երբ պատասխանողը չի պատասխանում հարցին: Հարցին չպատասխանելու իրական պատճառներն են անիրազեկությունն ու նախանձը: Անիրազեկությունն առարկայական պատճառ է: Եթե պարզվի, որ պատասխանողն անիրազեկ է, ապա նա կարող է զրկվել իր դիրքից-պաշտոնից: Նախանձը նույնպես պաշտպանական բնույթ է կրում, որն արտահայտվում է իբրև գաղտնապահություն: Պատասխանողը կիսագրագետ փինաչու նման կարծում է, որ եթե պատասխանի հարցին, ապա հարց տվողը կիմանա իր մասնագիտական գաղտնիքը, կտիրանա իր արհեստին, կխլի իր գործը-հացը, իսկ ինքը քաղցած կմնա: Այսինքն իրեն ուղղված հարցին չի պատասխանում կամ անիրազեկ-վախկոտը, կամ սոված-կիսագրագետ փինաչին: Գոյություն ունի հարցին չպատասխանելու մեկ այլ արդարացում: Իբր հարց տվողն արժանի չէ պատասխանի, իբր խոզ է: Եվ նրան կարելի է չպտասխանել, որովհետև պատասխանը խոզերի համար չէ: Կարելի է համեմատել մարդուն խոզի հետ: Սակայն պետք է հիշել, որ յուրաքնչյուր ոք, այդ թվում նաև խոզը, իրավունք ունի ստանալու իր հարցի պատասխանը: Եվ ամենակարևորը՝ նույնիսկ եթե հարց տվողը տգետ-անդաստիարակ խոզ է, նրա հարցին պետք է պատասխանել, որովհետև նրան պատասխանողի մոտ ուղարկողը հույս ունի, որ պատասխանողը կտարածի ճշմարտությունը, օրենքը, որոնք իմանացողները, այդ թվում խոզանմանները կմաքրվեն ճշմարտությամբ, օրենքով ու Մարդ կդառնան և կապրեն ինչպես բոլորը: [b]Թաթուլ Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր