211652_close_icon
views-count503 դիտում article-date 13:38 10-11-2015

Շախմատի օլիմպիական շարժումը՝ հաջողությունների հիմնական գրավական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել շախմատի դպրոցական օլիմպիադիայի 10-րդ առաջնության երկրորդ փուլի մեկնարկին: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը մաղթել է հաջողություն, գեղեցիկ ինտելեկտուալ խաղ և շեշտել, որ շախմատի օլիմպիական շարժումը Հայաստանի շախմատային հաջողությունների հիմնական գրավականներից մեկն է. "Մեր երկիրն աչքի է ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, մենք հպարտանում ենք մեր մշակույթով, մեր պատմությամբ, գիտությամբ: Առիթ ունենք հպարտանալու նաև մեր կրթական համակարգով, որտեղ 5 տարի առաջ աշխարհում առաջինը շախմատը ներդրվեց, որպես պարտադիր հանրակրթական առարկա ՀՀ բոլոր դպրոցներում: Մեր երեխաների արձանագրած հաջողություններն ու միջազգային հանրության համակ ուշադրությունը շախմատի դասավանդման նկատմամբ՝ ամենակարևոր պատասխանն է ծրագրին հոռետեսությամբ վերաբերվողներին: Շախմատի օլիմպիադան այսօր ամենազանգվածային դպրոցական օլիմպիադաներից մեկն է, եթե նախկինում այս օլիմպիադան դիտվում էր մարզական, ապա այսօր արդեն կրթական առարկայական օլիմպիադա է",- իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ հոբելյանական 10-րդ օլիմպիադայի անցկացումն արդեն իսկ նվաճում է: Նախարարը շախմատի դասավանդման հաջողության հարցում առանձնակի կարևորել է ՀՀ ԿԳՆ-ի ու Շախմատի ակադեմիայի սերտ համագործակցությունը: Օլիմպիադայի բացումից հետո նախարարը նաև զրուցել է շախմատի օլիմպիադային մասնակից դպրոցականների ծնողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են շախմատի ներդրմանը դպրոցական ծրագրերում: Ա. Աշոտյանի խոսքով՝ շախմատը թույլ է տալիս ձևավորել անհատակնություն, ռազմավարական մտածելակերպ, տրամաբանություն, ստեղծարարություն. "Այլ առարկաների ուսուցիչների վկայությամբ ՝այն երեխաները, ովքեր դպրոցում անցել են շախմատ, ավելի դյուրին են ընկալում նաև մաթեմատիկայի դասերը, ավելի պատրաստված են մայրենի լեզվի դասերին",- նշել է նախարարը և հույս հայտնել, որ շախմատի օլիմպիադայի երևանյան փուլի մասնակիցներից լավագույներին կհանդիպի եզրափակիչ փուլում: Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև գրոյսմաստեր, համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ով ևս առանձնակի ընդգծել է, որ ակադեմիան աշխարհի տարբեր երկրներից շախմատի դասավանդման փորձի փոխանակման բազմաթիվ առաջարկներ է ստանում:

Նմանատիպ նյութեր