Միջերկրական ծովում ցրտից սառած և քաղցած փախստականներին ու նրանց երեխաներին են փրկել
Միջերկրական ծովում երկու խոշոր փրկարարական միջոցառում է իրականացվել փախստականներին փրկելու համար: Հունական Լեսբոս կղզում մի քանի փոքրիկ նավակ են ափ դուրս բերել, որոնք լի են եղել Մերձավոր Արևելքից արտագաղթած փախստականներով: Ըստ լրատվական աղբյուրների, նավակների գրեթե բոլոր ուղևորները կանայք են եղել իրենց երեխաներով՝ քաղցած, ցրտից սառած: Նրանք այնքան սառած են եղել, որ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ նավակից:
Ականատեսները օգնության են հասել. նրանք երեխաներին տարել են ձեռքների վրա` ծածկոցներով փաթաթված ու փորձել են տաքացնել փոքրիկներին:
Նույնպիսի վիճակ է եղել նաև Միջերկրական ծովի լիբիական ափին: Այնտեղ նավակներով փախստականներին հայտնաբերել են իսպանական ռազմական ուժերը: Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: