211652_close_icon
views-count1295 դիտում article-date 22:45 29-10-2015

Արտոնագրվել է բոլորովին նոր տիպի էլեկտրոկայանի նախագիծ

Վերջերս Հայաստանում արտոնագրվել է բոլորովին նոր տիպի արևային էլեկտրոկայանի նախագիծ, որին տրվել է «ՀՈՎԱԿ» անվանումը: Էլեկտրոկայանի աշխատանքային սկզբունքը շատ պարզ է և հասկանալի նույնիսկ ոչ մասնագետներին: Այստեղ օգտագործվում է բնական քարշի ուժը. այն, ինչը մեզ հայտնի է բնակարանների օդափոխման համակարգերից և ծխնելույզներից: 20-րդ դարում բազմաթիվ հետազոտողներ փորձել են արդյունավետ եղանակներ մշակել այս երևույթը որպես էներգետիկ ռեսուրս օգտագործելու համար: Այդ փորձերի արդյունքները լայնորեն հայտնի են և ոչ գոհացուցիչ: Հայաստանում մշակված էլեկտրոկայանը պարունակում է ամենապարզ լուծումը, որը այս սկզբունքի կիրառությունը դարձնում է տասնյակ անգամ ավելի էժան ոչ միայն նմանատիպ նախագծերից, այլև էլեկտրոէներգիայի ավանդական մյուս աղբյուրներից: Առաջարկը հնարավորություն է տալիս օգտագործել բնությունից մեզ տրված պարգևները` լեռնալանջերը, էականորեն ավելի էժան միջոցներով մեծ հզորության բնական քարշի ուժ և արեգակնային ճառագայթման մեծ կլանման մակերես ունեցող խողովակների կառուցման համար: Այս դեպքում ռեսուրսի օգտագործման համար գլխավոր խոչընդոտ հանդիսացող շինարարական մեծ ծախսերը պարզապես դառնում են նվազագույնը բոլոր հայտնի էլեկտրոկայանների համեմատությամբ: Այսպես. առաջարկվող էլեկտրոկայանի 1Կվտ-ի ինքնարժեքը կազմում է մոտ 1 ՀՀ դրամ այն դեպքում, երբ ավանդական էլեկտրոկայանների նույն ցուցանիշը տատանվում է 15-ից 40 ՀՀ դրամի սահմաններում: Էլեկտրոկայանի շինարարությունը չի պահանջում բարձր տեխնոլոգիաների կիրառություն, էկոլոգիապես մաքուր է, վերականգնվող, երկարակյաց, ունի շահագործման ամենացածր ծախսերը և ամենաբարձր անվտանգությունը, իսկ պաշարները հարյուրավոր անգամ գերազանցում են Հայաստանի աճող պահանջները:

Նմանատիպ նյութեր