Առաջիկա 5 օրերին՝ ցիկլոնի ազդեցության գոտում
Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան բավականին ակտիվ ցիկլոնը: Ցիկլոնը հատկապես ակտիվություն կցուցաբերի հոկտեմբերի 26-28-ը ընկած ժամանակահատվածում, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Հոկտեմբերի 29-ից ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում կկրճատվի և տեղումների ինտենսիվությունը և տևողությունը:
Հոկտեմբերի 27-31-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունը անընդհատ կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին նշված ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Եթե վաղը Երևանում գիշերը սպասվում է +8...+10, ցերեկը +14...+16 աստիճանի սահմաններում, ապա արդեն հոկտեմբերի 31-ին ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +4...+6, ցերեկը +10...+12 սահմաններում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Նշեմ, որ այս հոկտեմբերը աչքի է ընկնում տեղումների առատությամբ, տեղումների քանակը առանձին հատվածներում արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը»,-ընդգծեց Գ. Սուրենյանը: