211652_close_icon
views-count2101 դիտում article-date 21:49 23-10-2015

Դեսպան Կիրակոսյանը մասնակցել է Հորդանանում կայացած ԵԱՀԿ Միջերկրածովյան խորհրդաժողովին

Հոկտեմբերի 20-21-ին Հորդանանում անցկացվեց ԵԱՀԿ Միջերկրածովյան խորհրդաժողովը, որին մասնակցում էին ԵԱՀԿ անդամ պետությունները և Միջերկրածովյան գործընկեր պետությունները: Խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնող ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները և առաջնայնությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում անվտանգության, հայկական համայնքների պաշտպանության, բռնի ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, միջկրոնական և միջէթնիկ երկխոսության վերաբերյալ: Դեսպան Կիրակոսյանը խորը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում տարբեր կրոնների և ազգերի ներկայացուցիչների խաղաղ գոյակցության ավանդույթների վերացման ու քրիստոնյաների նկատմամբ բռնությունների իրականացման առնչությամբ: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Հորդանանի օրինակը, որը հայտնի է իր կրոնական և էթնիկ բազմազանությամբ: Արման Կիրակոսյանը երախտագիտություն հայտնեց Հորդանանի իշխանություններին և ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ապաստան և վերածննդի հնարավորություն տրամադրելու համար: Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ տարածաշրջանում, հատկապես` Սիրիայում, բռնի ծայրահեղականության, միջազգային ահաբեկչության, այդ թվում` օտարերկրյա ահաբեկիչ մարտնչողների առաջնային թիրախ են դարձել էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, ներառյալ՝ քրիստոնյաները: Նա դատապարտեց Սիրիայում հայաբնակ Քեսաբ քաղաքի նկատմամբ ահաբեկիչների հարձակումներն ու Հալեպում և Դեյր Զորում հայկական եկեղեցիների ոչնչացումը՝ ընդգծելով կապը նախկինում մարդկության նկատմամբ գործած հանցանքների անպատժելիության և դրա արդյունքում ներկայումս տարածաշրջանում դրանց կրկնության միջև: Հայկական կողմը կարևորեց ԵԱՀԿ մասնակից պետությունների և Միջերկրածովյան գործընկեր պետությունների համագործակցությունը և համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության, մասնավորապես` «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ» և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևում թվարկված այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ միայն միջազգային հանրության համատեղ ջանքերով է հնարավոր դիմակայել այդ մարտահրավերին և կանխարգելել կրոնական և էթնիկ փոքրամասնությունների զանգվածային ոչնչացումը ու ցեղասպանությունը: Գործնական քայլերի առումով հայկական կողմը կարևորեց ահաբեկչական կազմակերպությունների կողմից Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարձակումների նպատակով ԵԱՀԿ մասնակից պետությունների տարածքի օգտագործման կանխարգելումը և քրիստոնյաների ու կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հետաքննությունը և պատժումը:

Նմանատիպ նյութեր