211652_close_icon
views-count882 դիտում article-date 14:46 22-10-2015

Գործադիրը լուծում է մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով մարզպետարաններին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված ծրագրերի պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված 264 մլն դրամը կվերաբաշխվի այլ ծրագրերի միջև: Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ և այլ բնույթի ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կտրվեն բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: Գործադիրի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապարանի Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը և նվիրաբերվել Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետևանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային և չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական շենքերի առաջին և կիսանկուղային հարկերի ոչ հարմարավետ տարածքներում: Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար: Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է ևս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Սերմացուի հատկացման արդյունքում ցանքատարածությունները կավելանան 1400 հետկտարով: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 6-ին:

Նմանատիպ նյութեր