Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներով ելույթ է ունեցել Լեհաստանում
Վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի լեհաստանյան համերգները մեկտեղել են Լեհաստանում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դիվանագետների, Լեհաստանի հեղինակավոր գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների։
Համերգները երեքն էին՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում, Լենչիցա և Լյուբլին քաղաքներում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին, իսկ մյուս երկուսը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ս. թ. սեպտեմբերի 30-ին և հաջորդած երկու օրերին կայացած համերգներում քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։