Ռուսաստանի հայերի միության նախագահը ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի․ ի՞նչ է ասել նրան Սերժ Սարգսյանը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամենայն հավանականությամբ մինչեւ մարտ քաղաքական կուսակցություն կստեղծի, որը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ինքը՝ Արա Աբրահամյանը։
Հակառակ դեպքում չի բացառվում, որ միանա այլ քաղաքական ուժի։
Նրա խոսքով, իր նպատակը Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, այլ ցանկանում է ստեղծել եւ իրագործել մի ծրագիր, որը կօգնի հայ ժողովրդին։
Ավելին, այս ամենի շուրջ ինքը զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ մեջբերելով նրա խոսքերը․ «Եթե ունեք ծրագիր, ապա ինչո՞ւ ոչ, իրականացրեք այն»:
Կուսակցություն ստեղծելու դեպքում հովանավորչությամբ ինքը եւ իր համախոհներն են զբաղվելու. կհոգան ֆինանսական ծախսերը։ Ավելին, կուսակցությունը որեւէ կուսակցության չի քննադատելու։
Նշենք, որ այսօր նշվում է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը։