211652_close_icon
views-count2019 դիտում article-date 13:55 11-10-2015

Մեծ շուքով ընթանում է «Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ «Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի բացումը: Պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը և թագավորական ֆիլմերի հանձնաժողովի ներկայացուցիչ Շադի Ալ Նիմրին: Այնուհետև տեղի ունեցավ հորդանանցի ավանդական ազգային նորաձևության դիզայներ Մարիամ Մահանի Մուրադիսի հեղինակած տարազների ցուցադրումը: Մարիամն արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է իր սիրելի աշխատանքով: Նրա հագուստներում մշտապես առկա են ասեղնագործության տարրեր, որը նա օգտագործում է գեղեցիկ համադրությամբ և իր պարտքն է համարում փոխանցել այն ապագա սերունդներին: Հանրությունը դեռևս հնարավորություն կունենա մեկ շաբաթ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում դիտել Հորդանանի Հուսեյն թագավորի լուսանկարիչ Զոհրաբ Մարգարյանի լուսանկարչական աշխատանքները: Զոհրաբի սերն առ լուսանկարչություն սկսվել է 60-ական թվականներին: Հուսեյն թագավորը, տեսնելով Զոհրաբի ընդունակությունները լուսանկարչության ոլորտում, նրան ուղարկում է Նյու Յորք՝ ուսանելու: Սիրելով Հորդանանն ու իր ժողովրդին՝ նա նկարներում արտացոլել է հայրենիքի ողջ գեղեցկությունը: Միջոցառման ընթացքում հանդիսատեսին մատուցվեց նաև ազգագրական պարի և երգի ներկայացում՝ «Ռամտա» երիտասարդական խմբի կատարմամբ: Համույթը հիմնադրվել է Հորդանանի հյուսիսային Ալ Ռամտա քաղաքում, իսկ ներկայումս այն իր գործունեությունն է ծավալում Հորդանանի Հաշիմյան Թագավորության մշակույթի նախարարության հովանու ներքո: Համույթը ձգտում է ինքնաարտահայտվել, խրախուսել, զարգացնել և պահել Հորդանանի ժառանգությունն ու մշակույթը, ինչպես նաև ներկայացնել իր երկրի մշակույթը ոչ միայն Ալ Ռամտա քաղաքում, այլ նաև ողջ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում և աշխարհի մյուս բեմերում: Ցուցադրվեց նաև ‘‘Jordan Takes You Beyond” ֆիլմը: «Հորդանանի մշակույթի օրեր» ծրագիրը՝ ս. թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին կանցկացվի նաև Վայոց ձորում /Վայոց ձորի մշակույթի տուն/, հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նույն օրը՝ Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կցուցադրվեն ֆիլմեր:

Նմանատիպ նյութեր