211652_close_icon
views-count1116 դիտում article-date 11:18 10-10-2015

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ Մարզենա Քսելի գլխավորությամբ: Հունան Պողոսյանը նշեց, որ ծավալուն աշխատանք է կատարվել, մասնավորապես, ոստիկանության համակարգում գործող Ձերբակալվածների պահման վայրերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների խախտումները բացառելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի իրավական չափանիշների կիրառում ապահովելու մասին» հանձնարարական, ՁՊՎ-ների աշխատանքի արդյունավետությունն ու անձնակազմերի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել են մեթոդական ձեռնարկներ, ոստիկանության կրթահամալիրում դասավանդվող «Մարդու իրավունքները և ոստիկանությունը» առարկայի ծրագրում ներառվել են խնդրո առարկա թեմայի հետ կապված հարցեր, աշխատանքներ են տարվում «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահելու վայրերի ներքին կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ ՁՊՎ-ների պայմանների բարելավմանը, ապա հաշվետու շրջանում ոստիկանության պետի հրամանով բոլոր ՁՊՎ-ներում կատարվել են նորոգման աշխատանքներ, շահագործման է հանձնվել ոստիկանության Մուշի բաժնի նորակառույց ՁՊՎ-ն, հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ում: Ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու և նրանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել և ՁՊՎ-ներում փակցված են պաստառներ, որոնք ամփոփում են հիշյալ անձանց իրավունքներն ու պարտականությունները, վարքագծի կանոնները, ինչպես և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի «Թեժ գծերի» հեռախոսահամարները, իսկ ՁՊՎ-ները վերահսկվում են միջանցքներում տեղադրված տեսախցիկներով: ՄԻՊ գրասենյակի և դիտորդական խմբի պարբերական այցելությունների ընթացքում հայտնաբերված թերությունները ոստիկանությունում դառնում են քննարկման առարկա: Հյուրերին հետաքրքրում էր քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի դեպքերի վիճակագրությունն ու դրանց հետևանքով կիրառվող կարգապահական տույժերի հարցը: Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու դեպքերով ոստիկանությունում 2014 թվականի ընթացքում կատարվել է 36 ծառայողական քննություն, որոնց արդյունքում 42 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Նույնպիսի 21 ծառայողական քննություն է կատարվել այս տարվա առաջին կիսամյակում. կարգապահական տույժերի է ենթարկվել 23 ծառայող: Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական է լինելու: Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակությանը հանձնվեցին նաև անհրաժեշտ փաստաթղթեր ու գրավոր տեղեկատվություն: Ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց հարցադրումներին տրված ամփոփ ու սպառիչ պատասխանների համար: Հանդիպումն անցավ աշխատանքային մթնոլորտում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր