211652_close_icon
views-count1346 դիտում article-date 09:58 05-10-2015

Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ

Նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու դաստիարակում եք մեր երկրի ապագա քաղաքացուն` միաժամանակ ապահովելով մեր ժողովրդի հարատևումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով, ծնողական համբերատարությամբ և ջերմությամբ: Յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ և ձեր հոգու լույսից մի շող՝ դուք լուռ հետևում և ուրախանում եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով: Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված ինչպես մեր տնտեսության ապագա հզորացումը, այնպես էլ մեր սահմանների անառիկությունն ու երիտասարդ երկրի երազանքների իրականացումը: Ուսուցչի կերպարը բոլորիս սրտերը լցնում է պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Հիշողություններ, որոնք անջնջելի հետք են թողել յուրաքանչյուրիս կյանքում և ամենաարժեքավորն են մեզ համար: Այս օրը մտովի և հոգով ձեզ հետ են սահմանին կանգնած զինվորն ու գեներալը, բժիշկն ու գիտնականը, մարզիկն ու արվեստագետը, այգեգործն ու պետական գործիչը: Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ: Ձեզանից ստացած գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը խիստ անհրաժեշտ են բոլորիս՝ կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Եվ պատահական չէ, որ ավանդաբար նշվող այս տոնը բոլորիս բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել այն երախտագիտությունն ու գնահատանքը, որը ժամանակի ընթացքում ավելի գիտակցված ու արժևորված է հնչում: Բոլոր տարիների աշակերտների անունից ուզում եմ շնորհավորել հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, վաստակած հանգստի անցած մանկավարժներին, մաղթել նրանց տոնական բարձր տրամադրություն, երջանկություն ու բարօրություն»:

Նմանատիպ նյութեր