211652_close_icon
views-count2394 դիտում article-date 21:37 03-10-2015

Ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան. Շառլ Ազնավուր (լուսանկարներ)

Հոկտեմբերի 1-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ: Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշեց, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի` հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին` հիշատակելով, մասնավորապես, Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային: Շառլ Ազնավուրն առաջարկեց բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և մեր մոլորակի լավագույն ապագայի: «Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան», - նշել է դեսպան Ազնավուրը: Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչել են Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր