211652_close_icon
views-count1159 դիտում article-date 23:03 23-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում Իրանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին 500-ից ավելի հյուրեր, այդ թվում Իրանի պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, Մեջլիսի պատգամավորներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների տասնյակ անդամներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի երեք թեմերի առաջնորդները, բազմաթիվ իրանահայեր: ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերի` Ռազմիկ Օհանյանի ղեկավարած երգչախմբի կենդանի կատարումից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Դեսպան Թումանյանն իր ելույթում ամփոփ ներկայացրեց ՀՀ Անկախության 24 տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` միևնույն ժամանակ ընդգծելով, որ անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով: Միջոցառմանը Իրանի կառավարության անունից հայ ժողովրդին Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորեց Իրանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Սաթթար Մահմուդին, ով իր շնորահավորական խոսքում անդրադարձավ երկու երկրների բարեկամական կապերին, որոնք արդեն 24 տարի զարգանում են վերընթաց ուղով: Երեկոն ուղեկցվեց իրանահայ երաժիշտների՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Նախորդ օրը` սեպտեմբերի 20-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս սուրբ պատարագի, կատարվել էր Հանրապետական մաղթանք՝ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Կրոնական արարողությունը նախագահել և օրվա աոիթով քարոզել էր Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Տեղի էր ունեցել Հայոց եռագույն դրոշի օրհնման հանդիսավոր արարողություն, որից հետո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում կայացել էր պաշտոնական ընդունելություն:

Նմանատիպ նյութեր