211652_close_icon
views-count1184 դիտում article-date 23:56 22-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ավտրիայում

Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ավստրիայում տեղի ունեցավ «Վերածննդի արմատները» նախագիծ-համերգաշարը, որն ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրում: Խմբավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ` Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, խմբավար Առնո Բարխուդարյանի գլխավորությամբ` «Արտ Վոկալ» երգչախմբի, մենակատարներ Լիաննա Ալեքսանյանի (վոկալ), Նարե Արղամանյանի (դաշնամուր) ու Էմանուել Հովհաննիսյանի (դուդուկ) մասնակցությամբ կատարվեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարտմանի (Վիգեն Կզարտմյան) ստեղծագործությունների շարքը, որը կինոնկարային երաժշտության ժանրին հատուկ մոնումենտալ հնչողությամբ պատկերեց Ցեղասպանության արհավիրքը, հայ ազգի տառապանքները, անկոտրուն կամքն ու տարիներ անց բռնած վերածննդի ուղին: Սեպտեմբերի 21-ին հայկական երաժշտությունը հնչեց Վիեննայի «Մյուզիկ Ֆերայն» սրահում: Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի կառավարության պաշտոնյաներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հավատարմագրված երկրների դեսպաններ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ավստրիահայ համայնքի անդամներ: Նախագծի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին ավստրիական Լինց քաղաքում` այնտեղ կազմակերպվող ամենամյա «Բրուքներ» միջազգային երաժշտական փառատոնի ծրագրի շրջանակներում: ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ անցկացվող համերգին բացման խոսքով ելույթ ունեցավ Ասվտրիայում ՀՀ դեսպան, միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Հակիրճ կերպով ներկայացնելով Հայաստանի անցած 24-ամյա անհարթ ուղին` դեսպանը բարձր գնահատեց հայրենիքի զարգացման գործում միջազգային կառույցների ներգործությունը, կարևորեց Ավստրիայի կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական նախագծերին: ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կայացած համերգին հետևեց ընդունելություն, որը կազմակերպել էր Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ի պատիվ նախագծի հեղինակների և կատարողների:

Նմանատիպ նյութեր