633 դիտում
15:25 22-09-2015
Զարգացման նոր հեռանկարներ Հայաստանի և Ֆրանսիայի մարզերի միջև
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուր մարզի Ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: Հանդիպման նպատկն էր քննարկել Լոռու և Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր Լազուր մարզերի միջև իրականացված համագործակցային աշխատանքները և նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռի և Պրովանս-Ալպեր Լազուր մարզերը համագործակցում են 1997 թ-ից: Այդ ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր` մասնավորապես զբոսաշրջության և անասնապահության զարգացման ոլորտներում:
2012 թ. կողմերի միջև կնքվել է «2012-14 թթ. համագործակցության համաձայնագիր»` Լոռիում Ֆրանկոֆոնիայի, զբոսաշրջության և անասնաբուծության զարգացման հարցում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Այս շրջանակներում են ստեղծվել նաև «Տուրիզմի զարգացման հիմնադրամը», «Տուրիզմի գրասենյակը», և կազմակերպվել են զբոսավարների պատրաստման դասընթացներ:
Նախարար Ա. Երիցյանի և նախարարության աշխատակազմի անունից ողջունելով հյուրերին` Վ. Տերտերյանը ընդգծեց, որ ՏԿԱԻ նախարարությունն ունի Ֆրանսիայի հետ համագործակցության երկար պատմություն, և դա ընդգրկում է թե’ ԱԻ, թե’ տարածքային կառավարման ոլորտները: Նա նկատեց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ֆրանսիացի փրկարարներն առաջիններից էին, որ եկան աղետի գոտի ու անգնահատելի օգնություն և աջակցություն ցուցաբերեցին տուժածներին:
-ՀՀ ԱԻ համակարգի ձևավորման հարցում ևս Ֆրանսիան մեծ ավանդ ունի, և ներկայումս ձևավորված սերտ փոխգործակցության շնորհիվ փորձում ենք ներդնել ֆրանսիական հարուստ փորձը: Տեղական և տարածքային կառավարման ոլորտում ևս Հայաստանն օգտվում է ֆրանսիական փորձից: Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանը ռեգիոնների մակարդակով ձևավորել է ինստիտուցիոնալ գործակցություն, ինչն ապակենտրոնացված համագործակցության ամենալավ օրինակն է - նշեց Վ. Տերտերյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավար Պատրիկ Ալմանդը նշեց, որ Լոռու մարզի հետ համագորածկցությունն սկսվել է առողջապահության ոլորտից` հետզհետե ներառելով այլ ոլորտներ ևս: Նրա խոսքով` մարզում լեզվի ուսուցման կենտրոնների հիմնումը պայմաններ է ստեղծել նաև ֆրանկոֆոնիայի զարգացման համար:
-Մենք տեղյակ ենք, թե ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում ՏԿԱԻ նախարարը մարզերի, իսկ այս պարագայում` Լոռու զարգացմանը: Ինչպես գիտեք, մեր պետությունների երկու մարզերի միջև արդեն կնքվել է «2012-14 թթ. համագործակցության համաձայնագիր», օրերս կստորագրվի նաև «2015-17 թթ. համագործակցության համաձայնագիրը», որում կպահպանվեն գործակցության նույն ուղղությունները: Լոռին դատապարտված է զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, իսկ «Տուրիզմի գրասենյակի» բացումը էլ ավելի կնպաստի այս ուղղության զարգացմանը: Մինչ այս կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, քանի որ մեկ տարվա ընթացքում մարզում զբոսաշրջությունը զարգացել է 20 տոկոսով, - ավելացրեց պատվիրակության ղեկավարը:
Պ. Ալմանդը մատնանշեց նաև մարզի հետ գյուղատնտեսության ոլորտում իրականցավող ծրագրերը` մասնավորապես ընդգծելով ոչխարաբուծության զարգացման հարցում լուրջ մոտեցումների և նախագծերի մշակումը:
Հանդիպման ավարտին հյուրերը տեսաֆիլմերի միջոցով ծանոթացան ՏԿԱԻ նախարարության ստեղծման պատմությանը, շրջայց կատարեցին նախարարությունում և ծանոթացան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին: Նրանք տպավորված էին նախարարության աշխատակազմում շուրջ 3 տասնյակ հաշմանդամ աշխատակիցների առկայությունից:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
13:16 13-07-2021
Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին
Այս բաժնից
358 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
826 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
499 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին