211652_close_icon
views-count1116 դիտում article-date 19:12 11-09-2015

Հայաստանը փոխառում է սողանքների դեմ պայքարի ճապոնական հարուստ փորձը

ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանում առկա 2 հազարից ավելի սողանքային գոտիներից այսօր առավել վտանգավոր են համարվում մոտ մեկ տասնյակը: Դրանցից շատերը գտնվում են բնակավայրերի սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտիներում, գետերի ավազաններում, սարավանդներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին։ Սողանքները շատ հաճախ լինում են ավերիչ և խլում բազում մարդկային կյանքեր: 2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարությունը Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) հետ համատեղ իրականացնում է «ՀՀ սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կատարել տարածքի վտանգավոր հատվածների մոնիթորինգ ու տվյալների բազաների թարմացում, ուսումնասիրություն և քարտեզագրում։ Սողանքների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Ծրագրի առաջին փուլում 11 առավել վտանգավոր սողանքային գոտիներից ընտրվել է 2-ը՝ Գետահովիտ և Առափի համայնքների սողանքները, որտեղ իրականացվում է հակասողանքային պիլոտային ծրագիրը: Նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն: ՏԿԱԻՆ ՓԾ տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանի խոսքով այդ համայնքներում արդեն իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա սողանքային գոտիներում տեղադրվել են խորքային և մակերևութային տվիչներ: JICA-ի ծրագրով Հայաստան ժամանած ճապոնացի Ֆումիո Նակամուրան հավատացած է, որ Հայաստանը սողանքի դեմ պայքարում մեծ հաջողություններ կարող է գրանցել: Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական և առաջնային նպատակը պետք է լինի այդ պայքարի մեխանիզմների և տեխնոլոգիաների զարգացումը, իսկ խնդրի մասայականացումն էլ ավելի կօգնի Հայաստանին:

Նմանատիպ նյութեր